Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի իրականացումը չի նշանակում, որ Բաքուն դադարել է դիտարկել Հայաստանի տարածքով Նախիջևան տանող երթուղին։ Նա մեղադրել է Երևանին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով իր տարածքով դեպի Նախիջևան միջանցք տրամադրելուց խուսափելու մեջ։
«Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս հարցում։ Միշտ ավելի լավ է ավելի շատ այլընտրանքներ ունենալ: Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային կապը չի ազդի նրա ինքնիշխանության վրա»,- ասել է նա։
Հաջիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կարծում է, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը պետք է պահպանեն Նախիջևանը, իսկ Ադրբեջանը «չի կարող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին թողնել Հայաստանի իրավապահ մարմինների ողորմությանը»։
Նա բացատրել է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանով երթուղի կառուցել, որը պետք է անցնի խորհրդային տարիներին և մինչև 1992 թվականը գործող երկաթուղով, իսկ Հայաստանը կողմ է երկաթուղու վերականգնմանը, բայց դեմ է զուգահեռ ավտոմայրուղու կառուցմանը։
Ադրբեջանի նախագահի օգնականը հավելել է, որ կարևորն այն է, թե Հայաստանն իսկապես շահագրգռված է այս նախագծով, թե ոչ։ «Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն։ Այսինքն՝ «Pacta sunt servanda» է»,- նշել է նա՝ մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապն ապահովելու իր պարտավորությունները չկատարելու մեջ։
Pacta sunt servanda՝ լատիներեն նշանակում է «պայմանագրերը պետք է հարգվեն», քաղաքացիական և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։