Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը վերջնական համաձայնության են եկել Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի զարգացման շուրջ, հայտնում է IRNA-ն։
Ջայշանքարը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը ներդրումներ կատարել Իրանում տրանսպորտային և տարանցիկ նախագծերում, ինչպես նաև Բազրպաշին հրավիրել է այցելել Հնդկաստան։
Իրանցի նախարարն, իր հերթին, առաջարկել է տրանսպորտային ոլորտում համատեղ կոմիտե ստեղծել՝ երկկողմ համագործակցության ընդլայնման համար՝ նշելով, որ դա կբերի տարանցման հնարավորությունների ակտիվացմանը և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործմանը։
Նշվում է, որ Չաբահար նավահանգստում Իրանի կառավարության օրակարգում է Շահիդ Աբբասի նավահանգստի երկրորդ փուլի զարգացումը և ռազմավարական սարքավորումների տրամադրումը բեռնաթափման և բեռնման հզորությունների բարելավման համար:
Ավելի վաղ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին համագործակցության հուշագիր ստորագրել, որը հայկական կողմին հնարավորություն կտա օգտվել իրանական նավահանգիստներից։ 2023 թվականի նոյեմբերին Հայաստանը դիմել էր Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստ մուտքի խնդրանքով՝ խորացնելու տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի և ասիական այլ երկրների հետ։ Մայիսի 19-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Armenia Today-ին տված հարցազրույցում ողջունել էր Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն ունենալու Երևանի որոշումը։