ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (COP29) անցկացումն Ադրբեջանում, որի իշխանությունները ստիպել են հայերին հեռանալ Լեռնային Ղարաբաղից, Բաքվի ագրեսիվ պահվածքը խրախուսելու առումով միջազգային հանրությանը «սխալ ազդանշան» է ուղարկում, հայտնում է Reuters-ը՝ «Կլիմայի փոփոխության դեմ պայքարում մենք պետք է պաշտպանենք մարդու իրավունքները» վերնագրով հոդվածում։
«Անցյալ տարի ադրբեջանական ուժերը երկար պաշարումից հետո Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքից վտարել են ավելի քան 100.000 հայերի։ Իրավապաշտպան կազմակերպություններն այս գործողությունները որակել են որպես ցեղասպանություն: Նման վարքագիծը խրախուսելը` թույլ տալով երկրին ընդունել COP29-ը, սխալ ազդանշան է ուղարկում միջազգային հանրությանը»,- գրել է գործակալությունը:
Reuters-ը ՄԱԿ-ին կոչ է արել ավելի խիստ չափանիշներ կիրառել կարևոր ֆորումներ հյուրընկալող երկրների ընտրության համար և հիշեցրել է, որ նավթն ու գազն արդեն կազմում են Ադրբեջանի արտահանման եկամուտների մոտ 90%-ը։ «Մարդիկ տառապում են խոշտանգումներից, կամայական կալանավորումներից և անկախ դատական համակարգի բացակայությունից, մինչդեռ կառավարությունը շարունակում է պահել ավելի քան հարյուր քաղբանտարկյալների»,- ավելացրել է գործակալությունը։
Հոդվածի հեղինակ Փոլ Պոլմանը նշել է, որ Ադրբեջանում COP29-ի անցկացումն ընդունելի կլինի ոչ միայն այն դեպքում, եթե երկիրը հրաժարվի նավթից ու գազից, այլ նաև եթե ազատ արձակվեն ապօրինի պահվող հայ քաղբանտարկյալները, այդ թվում՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Կլիմայի փոփոխության դեմ պայքարն առանց մարդու իրավունքների պաշտպանության գործի միայն կեսն է»,- եզրափակել է Պոլմանը:
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը աջակցություն էր հայտնել COP29 համաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունը հանածո վառելիքից կախված Ադրբեջանում կլիմայի փոփոխության կոնֆերանսի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև տեղեկացրել Ադրբեջանում գազի արդյունահանման ավելացման կապակցությամբ բնապահպանների դժգոհության մասին: Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և մի շարք այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ը հյուրընկալելուն: