Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև փոխգործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) շրջանակներում։
Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը և Թուրքիան, հետևելով «Մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքին՝ 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում են զարգացնել համագործակցությունը որպես «Մեկ բանակ, մեկ բռունցք ու մեկ սիրտ» սկզբունքով՝ իրականացնելով անհրաժեշտ ծրագրեր։
«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք կոչ ենք անում Երևանին արագ ընդունել Բաքվի հետ խաղաղություն կնքելու և տարածաշրջանում կայունության հասնելու Ադրբեջանի առաջարկը»,- ասել է նա։
Աքարը հավելել է, որ որոշ երկրներ ցանկանում են Հայաստանին դարձնել «պրոքսի պետություն»։ Նա ընդգծել է, որ «եթե Հայաստանը հետևի նրանց ասածին, կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ էր՝ ստանալ լուրջ հարված»։
Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլացիոն համաձայնագրով։