ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում նախագահական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։
Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպությունն (ԵԱՀԿ) իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է «լցոնումների նշանները» և բազմակի քվեարկության դեմ երաշխիքների բացակայությունը։ ԵԱՀԿ-ն հավելել է, որ «թեև ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն դրանք զուրկ են իրական բազմակարծությունից, և քննադատական ձայները շարունակաբար ճնշվել են»:
Չընդունելով քննադատությունը՝ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters-ին ասել է, որ ընտրություններն անցել են «ազատ, ժողովրդավարական և ամբողջությամբ արտացոլել են (Ադրբեջանի) ժողովրդի կամքը»:
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն միակ մարմինը չէ, որը իրավասու է դատել ընտրությունների ամբողջականությունը՝ ակնարկելով այլ երկրների դիտորդներին՝ ներառյալ Բելառուսը և Ղազախստանը: Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ի որոշ բացահայտումներ «օբյեկտիվ և ճշմարիտ» չեն:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, գործող նախագահ Իլհամ Ալիևը քվեաթերթիկների 93,35%-ի հաշվարկից հետո ստացել է ձայների 92,05%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս։
Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորել են Ալիևին հաղթանակի կապակցությամբ։