Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին»,- նշել է նա:
Մամուլի խոսնակը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի դրույթները, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա, և Բաքվի հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար», – հայտարարել է Բաղդասարյանը:
Նա ավելացրել է, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին: Դա այն պայմաններում, երբ Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Բաղդասարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է: Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես», – նշել է նա:
Բաղդասարյանը հիշեցրել է զորքերի 1991 թվականի սահմանագծի նկատմամբ հետքաշման Երևանի առաջարկը, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:
Փետրվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ էր ներկայացրել։ Նա պահանջում է Հայաստանի օրենսդրությունը «նորմալ տեսքի» բերել։ «Եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ տեսքի չբերի, չհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա խաղաղության պայմանագիր չի լինի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը: