2023 թվականին Ադրբեջանում մահացել է առնվազն 260 զինվորական, հաղորդում է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը, որի տվյալներով՝ մարտական պայմաններում զոհվել է 212 մարդ, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 48 մարդ։
«Ընդհանուր առմամբ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել ղարաբաղյան գոտում։ Միաժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին (Քելբաջարում (Քարվաճառ – խմբ.), Զանգելանում (Կովսական – խմբ.), Գուբադլիում (Որոտան – խմբ.), Լաչինում (Բերձոր – խմբ.) և Նախիջևանի սահմանամերձ շրջաններում) մի շարք մահվան դեպքեր են գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի փամփուշտներից մահացած 208 և ականներից պայթած չորս զինծառայողներից, ևս ութ մարդ զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինը` հիվանդություններից, երկուսը` «ապօրինի միջադեպերից», ևս երկուսը` «զինված հարձակումներից», մեկ մարդ մահացել է անզգուշության պատճառով, վեց զինվորական՝ դժբախտ պատահարների հետևանքով։ 2023 թվականին ադրբեջանցի 20 զինվորական ինքնասպան է եղել։
2023 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը հաղորդել էր ավելի քան 200 զոհերի մասին՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական ագրեսիայի ժամանակ։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։