Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Մարտի 1-ին Միրզոյանը մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջարկել էր Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հաջորդ շաբաթ հանդիպում կազմակերպել Երևանում: