ՀՀ-ն բանակցում է իր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարը հայտնել է, որ ՀՀ-ն ոչ միայն դեպի ծով ելք չունի, այլև առկա չորս հարևաններից միայն երկուսի հետ բաց սահման ունի․ «Մյուս երկու հարևանների հետ մեր սահմանները փակ են շուրջ երեք տասնամյակ շարունակ: Մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ»,- ընդգծել է նա:
Արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական։ Նա խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, ըստ որի ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում են։ «Սա կարող է բնական թվալ, սակայն, երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, մանրուքները կարևոր են»,- շեշտել է Միրզոյանը։
Երկրորդ սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն պետությունների ազգային օրենսդրության համապատասխան։
Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Միրզոյանն ավելացրել է․ «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Օրինակ, ես չեմ կարող իմ իրաքցի գործընկերոջից պահանջել օգտվել իր երկրի երկաթգծից՝ միևնույն ժամանակ մերժելով ցուցաբերել փոխադարձություն։ Այսպիսով՝ կան մանրամասներ, որոնց վրա կարող ենք միասին աշխատել, եթե կա քաղաքական կամք, և մենք՝ Հայաստանն, ավելի քան պատրաստ ենք»:
Միրզոյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել էին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։