Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացած հերթական քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարևորությունը և փոխգործակցության մակարդակի խթանումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։
Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։
Պայմանավորվել են հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում։