Միացյալ Նահանգները և Թուրքիան պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Այս մասին ասվում է մարտի 7-8-ը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ կայացած ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հանդիպման արդյունքներով:
«Հարավային Կովկասի հետ կապված՝ պետքարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու նպատակով և պայմանավորվել են, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինքենի և Ֆիդանի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ամերիկա-թուրքական համագործակցությունը Սիրիայում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու վերաբերյալ։