Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը վտանգ կներկայացնի նաև Ադրբեջանի համար, ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Իրավիճակը նշանակություն ունի Կովկասի համար։ Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա մարտահրավեր կլինի ոչ միայն ուկրաինացիների համար, այլև վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,- հայտարարել է նա։
Ստոլտենբերգը նշել է, որ «Պուտինի հաղթանակը թույլ չտալը բխում է ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից։
Նա նաև հայտարարել է, որ գնահատում է հումանիտար աջակցությունը, այն սարքավորումները, որն Ադրբեջանը տվել է Ուկրաինային՝ տարածքների ականազերծման համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև շատ կարևոր է համարել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջանում էր տարածաշրջանային այցի շրջանակներում: Մարտի 19-ին նա կայցելի Հայաստան։