Արևմուտքը Հայաստանը տանում է ուկրաինական ճանապարհով, հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և «ЛДПР»-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։ Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում Կիևի ձախողումների ֆոնին Արևմուտքի հայացքը նախ ուղղվել է Մոլդովայի, հետո Հայաստանի վրա:
«Արևմուտքը Երևանը տանում է ուկրաինական ճանապարհով, և դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, քանի որ զարգանում է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափը: Հավաքական Արևմուտքի պրոքսի-պատերազմում Կիևի ձախողումների ֆոնին Վաշինգտոնն ու Բրյուսելը նոր հակառուսական «փորձադաշտեր» են փնտրում: Եվ, ըստ երևույթին, արևմտյանների հայացքներն ավելի ու ավելի սկսեցին ընկնել սկզբում Մոլդովայի, իսկ հետո Հայաստանի վրա»,- գրել է Սլուցկին Telegram-ի իր ալիքում:
Նրա խոսքով՝ եվրատլանտյան «բազեների» «աջակցությունն ու օգնությունը» ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ազգային շահերի հաշվին և ապակայունացման հեռանկարով Ռուսաստանի թուլացման «պլանը» վերակենդանացնելու փորձեր:
«Արդյունքում՝ այս տեսակի «օգնությունը» հանգեցնում է ինքնիշխանության կորստի, քաղաքացիական պատերազմների և քաղաքացիական զոհերի, տնտեսական ճգնաժամերի և հումանիտար աղետների: Հարցն այն է, թե արդյոք այս երկու երկրների քաղաքացիները ցանկանո՞ւմ են այդ ամենն «ուկրաինական տարբերակի» կրկնությամբ»,- հավելել է Սլուցկին։
Ապրիլի 5-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձ:
Բրյուսելում ապրիլի 5-ին եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։