Իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանկ Չամիզոն հայտարարել է Բաքվում կայանալիք ընտրական մրցաշարում պարտվելու դիմաց իրեն 300 000 դոլար կաշառք տալու ադրբեջանցիների առաջարկի մասին, ասել է նա La Repubblica թերթին տված հարցազրույցում։
«Ինձ մոտ եկան և գումար առաջարկեցին՝ 300 000 դոլար՝ պարտության դիմաց։ Չեմ ուզում ասել, թե ով, բայց դա տեղի է ունեցել առավոտյան՝ կշռման արարողության օրը»,- պատմել է մարզիկը։
Չամիզոն ենթադրել է, որ առաջարկված գումարն, ի վերջո, ստացել է եզրափակիչ խաղի դատավորը, որն իտալացուց երկու միավոր է հանել, նրա հաղթանակը «խլել» ու տվել ադրբեջանցի Թուրան Բայրամովին։
«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ ես հանդես էի գալու նրանց հարկի տակ, և նրանք գնել էին ամեն ինչ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում ադրբեջանցիների հետ մարտերը դատում էր նույն մրցավարը»,- հավելել է նա։
Ըմբիշի խոսքով՝ ինքը հրաժարվել է կաշառքից, քանի որ մրցաշարում ներկայացրել է ոչ միայն իրեն, այլև «Իտալիան, իր ֆեդերացիան և երկիրը»։ Չամիզոն նաև իր հիասթափությունն է հայտնել սպորտի նկատմամբ անարդար վերաբերմունքի կապակցությամբ և Instagram-ում գրել. «Սա ընդամենը կաշառված և կոռումպացված մարդկանց խումբ է, այս ամենից դառնորեն արտասվում է սիրտս: Այս սպորտաձևը հիանալի է, բայց ես շատ եմ ձգում, ներեցեք»:
Չամիզոն կփորձի քվոտա նվաճել Ստամբուլում կայանալիք վերջին ընտրական մրցաշարում, որը կանցկացվի մայիսի 9-12-ը։ «Ես դեռ կարող եմ մեկնել Փարիզ, բայց եթե նորից փորձեն (կրկնել դա – խմբ.) Թուրքիայում, ես խառնաշփոթ կստեղծեմ»,- եզրափակել է ըմբիշը։
Մրցաշարը տեղի է ունեցել ապրիլի 5-7-ը Ադրբեջանում։ Օլիմպիական Inside the Games լրատվական կայքը մարտին հայտնել էր, որ հայ մարզիկներին կթույլատրվի բաց թողնել Բաքվի մրցաշարը և մասնակցել Ստամբուլում կայանալիք ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական որակավորման փուլին: