Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքներն Իրանի օդային տարածքով, հայտնում է The Times of Israel-ը։
Մասնավորապես, գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ իր ինքնաթիռներն այլևս չեն օգտագործի Իրանի օդային տարածքը այն լուրերի ֆոնին, որ Իրանն առաջիկա օրերին հակահարված կտա Իսրայելին:
Ավիաընկերությունը նաև երկարաձգել է դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ թռիչքների դադարեցումը Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին:
«Ստեղծված իրավիճակի պատճառով Lufthansa-ն դադարեցնում է թռիչքները դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ մինչև հինգշաբթի՝ ապրիլի 18-ը ներառյալ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Austrian Airlines-ը նույնպես որոշում է կայացրել մինչև ապրիլի 18-ը դադարեցնել թռիչքները Վիեննայի և Թեհրանի միջև։ Ընկերությունը պարզաբանել է, որ իրենք այս որոշումը կայացրել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։ «Իրանի օդային տարածքով երթուղիները կփոխվեն»,- հավելել է ավիաընկերությունը։
Ապրիլի 12-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իրանին նախազգուշացրել էր հակահարված չտալ Իսրայելին։ Ապրիլի 11-ին հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները բարձր պատրաստվածության են բերվել Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով։ Ապրիլի 1-ին Իսրայելը ավիահարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Թեհրանը հայտնել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: