Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել գործողություններն Իսրայելի դեմ։ Նախարարի խոսքերը մեջբերում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ այս պահին Իրանը «մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի ցանկացած նոր ագրեսիայից պաշտպանել իր օրինական շահերը»։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Աբդոլլահիանը նաև ասել է, որ Թեհրանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ ապրիլի 14-ի գիշերն Իսրայելի վրա իր հարձակումը լինելու է սահմանափակ և ինքնապաշտպանության նպատակով։ Նախարարը նշել է, որ 72 ժամ առաջ ծրագրված հարվածների մասին տեղեկացվել են նաև հարևան երկրները։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին: Իրանական ԶԼՄ-ները հայտնել էւն, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին: Իսրայելցի զինվորականները հայտարարել էւբ, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված մոտ 300 ԱԹՍ և հրթիռներ։