«Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդները դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա և հայտարարել են, որ իրենք կաշխատեն կանխել «տարածաշրջանային անվերահսկելի էսկալացիան» Մերձավոր Արևելքում, գրում է Reuters-ը։
«Մեծ յոթնյակի» առաջնորդները, որոնք տեսակոնֆերանսի ժամանակ խոսել են մեկ ժամից քիչ, Իրանին զսպվածության կոչ են արել:
«Մենք պահանջում ենք, որ Իրանը և նրա վստահված անձինք դադարեցնեն հարձակումները, և մենք պատրաստ ենք միջոցներ ձեռնարկել ի պատասխան հետագա ապակայունացնող գործողությունների»,- հայտարարել են նրանք:
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին: Իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված մոտ 300 ԱԹՍ և հրթիռներ։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը չի պատրաստվում շարունակել գործողություններն Իսրայելի դեմ։