Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չորս գյուղի, այսպես կոչված, անկլավների (Տավուշի մարզում – խմբ.) հարցը միշտ եղել է Բաքվի օրակարգում։ Այդ մասին Ալիևը հայտարարել է «COP29-ը և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի մոռացել Տավուշի չորս գյուղի հետ կապված խնդիրը և այն բարձրացրել է 44-օրյա պատերազմից հետո։ Բաքուն նաև մեղադրել է Հայաստանին՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու հնարավորությունն արգելափակելու համար։
Ալիևի խոսքով՝ թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» նշված չէ, սակայն այնտեղ գրված է, որ «Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է տրանսպորտային կապ լինի, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանը հանել էր COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի՝ որպես «բարի կամքի քայլ»։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։