Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնաբանել է Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարել Ալմաթիում խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ «առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով բանակցություններ վարելու արտգործնախարարների միջև երկու պետությունների խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։
Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, որն ստեղծել է ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատել միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,- նշել է Տոկաևը։
Ապրիլի 30-ին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում կայանալիք բանակցություններին։
Ապրիլի 29-ին ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Միրզոյանն Ալմաթիում հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Արտաքին գործերի նախարարությունը չէր նշել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը կամ այլ մանրամասներ։
Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Երևանին և Բաքվին խաղաղության հաստատման համար բանակցային հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։