Թբիլիսիում մայիսի 8-ին չորս հարձակում է տեղի ունեցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ պայքարող ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների վրա, հայտնել է Newsgeorgia-ն։
Նշվում է, որ ակտիվիստներին դաժան ծեծի են ենթարկել։
Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ պաշտպանել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի քննարկմանը զուգահեռ՝ տեղի էին ունեցել ակցիաներ, որոնց ընթացքում Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ էին կիրառել Թբիլիսիում։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ էին արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով խոչընդոտ՝ Եվրամիության ինտեգրման գործընթացին։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։ Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր օրինագիծը։