Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» հնարավոր կլինի լիարժեք շահագործել 2028-29թթ.։
«Տրանսպորտային միջանցքի լիարժեք գործունեությունը հնարավոր կլինի մինչև 2028-29թթ.։ Այս երթուղին ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի և ողջ տարածաշրջանի համար»,- TGRT Haber հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։
Միաժամանակ` Ուրալօղլուն չի բացառել, որ այդ միջանցքը կարող է անցնել Իրանի ու Հայաստանի տարածքով։
«Մենք գիտենք, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի հետ այս հարցի շուրջ։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Չեմ բացառում, որ հատվածներ կանցնեն թե՛ Իրանով, թե՛ Հայաստանով»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Կարսը Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգին կապող երկաթուղու կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել մինչև տարեվերջ և ավարտել հինգ տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա օգտագործել «Զանգեզուրի միջանցքի կարևոր օղակը»։
«Կարսից մինչև Ադրբեջանի հետ սահմանի Դիլուջու սահմանային անցակետի շինարարական աշխատանքները կտևեն մոտ հինգ տարի»,- նշել է թուրք նախարարը։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Զանգելանի շրջանի միջև երկաթուղային հատվածի կառուցումը, ըստ նրա, նույնպես կարող է տևել մի քանի տարի։ Միևնույն ժամանակ նա կարևոր է համարել Ադրբեջանի օկուպացրած շրջաններում ավարտին հասցնել երկաթուղիների կառուցումը և Նախիջևանի գծերի արդիականացումը։
Մարտի 15-ին Ուրալօղլուն հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» թյուրքական աշխարհը միավորող գործոն կդառնա։ Փետրվարի 19-ին Ուրալօղլուն հայտնել էր, որ Անկարան «Զանգեզուրի միջանցքի» երկու տարբերակ է քննարկում, և եթե Հայաստանի հետ խնդիրներ առաջանան, 43 կմ երկարությամբ երթուղին կարող է անցնել նաև Իրանով։ Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում էր անվանել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։