Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում անկայունության կհանգեցնի Կովկասում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամեդ Մոհբերին, հայտնում է IRNA-ն։
«Մոհբերին ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության միջոցով՝ կրկնելով նախագահ Ռայիսիի այն մեկնաբանությունը, որ սիոնիստական ռեժիմն իրականում ՆԱՏՕ-ի մաս է, և նման օտարերկրացիների հայտնվելը տարածաշրջանում կհանգեցնի Կովկասում անկայունության»,- ասվում է Irna-ի հաղորդագրության մեջ:
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հավատարիմ է մնալու տարածաշրջանային համագործակցությանը և արտատարածաշրջանային երկրների ներկայությունը կանխելուն։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կողմերը քննարկել են Կովսականն (Զանգելան) ու Նախիջևանը Իրանի տարածքով կապող ավտոմոբիլային տրանսպորտային գծի ստեղծման աշխատանքները։