Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Այս մասին նա հայտարարել է Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին՝ պատասխանելով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին:
«Կարծում եմ, որպեսզի ամեն անգամ կարողանանք պարզել ճշմարտությունը ոչ միայն միակողմանիորեն, այլև, ընդհանրապես, միջազգային հանրության համար, վատ գաղափար չէր լինի, օրինակ, եթե Ադրբեջանի հետ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք»,- նշել է Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ կարող է այդ առաջարկությամբ հանդես գալ։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները վկայում են կա՛մ հրադադարի խախտման, կա՛մ էսկալացիայի ֆոն ստեղծելու մասին։
«Վերջին օրերին տեսնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և մեր ՊՆ-ն հերքում է տեղեկությունները։ Այդ տեղեկությունը երկու բանի մասին կարող է վկայել, որ կա հրադադարի ռեժիմի խախտում կամ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չեն»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ այդ մեխանիզմի գործադրման դեպքում, եթե կողմերից մեկը հաղորդում է մյուս կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, տեղում գործարկվում է համատեղ քննության մեխանիզմը։
Նա հավելել է, որ քաղաքական կամքի և պայմանավորվածության դեպքում այդ մեխանիզմը դժվար չի գործարկել։ «Սա կարելի է անել առանց բյուրոկրատական քաշքշուքների, ուղղակի համապատասպան մարմիններին երկրների ղեկավարների հանձնարարությամբ»,- ասել է նա։
ՀՀ վարչապետի կարծիքով՝ սա կարող է աշխատել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ էսկալացիայի գնալն իրենց քաղաքական կամքը չէ։
Հունիսի 13-ին և 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն չորս անգամ հաղորդագրություն էր տարածել՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։