Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Փարիզին մեղադրել է Հարավային Կովկասում իրավիճակը սրելու փորձի մեջ։ Այսպես է գերատեսչությունն արձագանքել Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի վաճառքի մասին հաղորդագրություններին։
CAESAR-ի վաճառքի պայմանագրի կնքման մասին հունիսի 18-ին հայտարարել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն X-ում։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանային կայանքներով և այլ զինատեսակներով զինելը Հարավային Կովկասում Ֆրանսիայի սադրիչ գործունեության հերթական վկայությունն է»։
Բաքուն Ֆրանսիային մեղադրել է նաև կեղծավորության մեջ։ Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ «աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն վարող Մակրոնի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»։
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Լըկորնյուի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Այցի շրջանակում ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին CAESAR հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է: 2024-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա։