Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են իրենց քաղաքական կամքը՝ առանց որևէ նախապայմանի երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։
Կառավարությունից նշել են, որ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Էրդողանը նաև ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում իրենց հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել էին սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը և Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մինչ զբոսաշրջային սեզոնը բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նույն օրը Reuters-ին հայտնել էր, որ հայկական կողմը կատարել է Թուրքիայի հետ սահմանի բացման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները` ներառյալ ենթակառուցվածքների վերանորոգումը և սպասում է Անկարայի պատասխանին։
ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։ Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Անկարան կկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ Հայաստանն ավարտել է Մարգարայի անցակետի շահագործման բոլոր աշխատանքները։