ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության հինգերորդ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԵՄ-ի էներգետիկ գործընկերությունն Ադրբեջանի հետ։
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում կողմերը կարևորել են տարածաշրջանային կայունությունը և հարաբերությունների ամրապնդումը։
ԵՄ-ն ընդգծել է իր շարունակական աջակցությունն անվտանգ, կայուն, խաղաղ Հարավային Կովկասի և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկեցության գործընթացին:
Նշվել է նաև Ադրբեջանի՝ որպես հուսալի և կարևոր էներգետիկ գործընկերոջ դերը և նրա կարևորությունը Միջին միջանցքի հետագա զարգացման գործում։
Հանդիպումից հետո ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ։
2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ մինչև 18 միլիարդ խորանարդ մետր: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանն անվանել էր ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։