Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը հիմնական շեշտը դրվել է տնտեսական համագործակցության և տարածաշրջանային նշանակության նախագծերի վրա՝ ընդգծելով ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր նախագծերի իրականացման գործում համատեղ ջանքերի նշանակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և ընթացիկ տարածաշրջանային հարցեր։
Կողմերն ընդգծել են տարանցիկ և լոգիստիկ գործառույթների ամրապնդմանն ուղղված նախագծերի կարևորությունը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխը և Անակլիա խորջրյա նավահանգիստը: