ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է, օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևի խոսքով՝ Հայաստանն ստիպված էր Արցախի մասով դրույթը տեքստից հանել, որից հետո «ճանապարհ է բացվել կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար»։
Ըստ նրա՝ բաց է մնում երկու հարց․ Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի առաջարկին։ Երկրորդ՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։
Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի կառավարությունից ակնկալում է «հստակ հայտարարություն այն մասին, թե ինչպես կարող են ներկայիս Հայաստանի տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, վտարված ադրբեջանցիները կամ վտարվածների ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողերը»։
Հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստն իր վերջնական փուլում է, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում խաղաղություն կնքել Բաքվի հետ։ Փաշինյանը հայտնել էր, որ կնքման համար վերջին քայլերն են մնացել, սակայն չէր պարզաբանել, թե համաձայնագրի որ դրույթներն են քննարկվում և որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրը Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։