Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանին առաջարկել է մինչև խաղաղության պայմանագրի կնքումը համաձայնեցնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքները:
«Դեռևս 2021 թվականին, որպես միջանկյալ մոտեցում, մենք Հայաստանին առաջարկել ենք համաձայնեցնել հիմնարար սկզբունքները։ Այդ սկզբունքների համաձայնեցումը կարող է մեր երկրների միջև հարաբերություններ ստեղծել»,- Հաջիևին մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաջիևը կրկնել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով ԵԱՀԿ-ին համատեղ դիմելու անհրաժեշտության վերաբերյալ Բաքվի պահանջները:
Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է: Նա նշել էր, որ Երևանը պետք է պատասխանի պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար: Նա նաև ասել էր, որ Բաքուն Հայաստանի կառավարությունից «հստակ հայտարարություն» է ակնկալում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին: