Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիայի մահից հետո հայտարարել է, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և ահաբեկիչներին կստիպի զղջալ արարքի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը, օկուպանտ ահաբեկիչներին կստիպի զղջալ իրենց վախկոտ գործողությունների համար»,- Փեզեշքիանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հուլիսի 31-ին Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել են Թեհրանում իրենց նստավայրի գնդակոծության հետևանքով: Նա Թեհրան էր ժամանել Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ում հաստատել են, որ Հանիան սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր բնակավայրի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: