Իսրայելն անցել է կարևոր «կարմիր գիծը», և Իրանն առանց որևէ հանդուրժողականության արդարադատություն կիրականացնի, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
«Վերջին 10 ամիսների ընթացքում սիոնիստներն ավերել են Գազան, իսկ այժմ նրանք իրենց հանցագործությունները տարածել են Բեյրութի, Թեհրանի և Եմենի վրա»,- ասել է նա:
Բաղերիի խոսքով՝ եթե «հանցագործ ահաբեկիչներին չկանգնեցնեն, լուրջ սպառնալիք կստեղծվի տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար»։
Հուլիսի 31-ին իսրայելական հարձակման հետևանքով սպանվել էր «Հեզբոլլահի» հրամանատար Ֆաուդ Շուքերը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում։
Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր Մաջդալ Շամսի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: