Իրանում ավարտվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը, ըստ որի՝ միջադեպը որակվել է դժբախտ պատահար, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
«Անվտանգության և հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը: Կատարվածը դժբախտ պատահար էր», – գործակալությանը հայտնել է Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրը:
Reuters գործակալության համաձայն՝ նշվել է ինքնաթիռի կործանման երկու պատճառ՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանները, ինչպես նաև ուղղաթիռում մարդկանց թվի գերազանցումը, ինչը հանգեցրել է լեռան հետ բախմանը։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռում մարդկանց թույլատրելի թիվը 2-ով ավելի էր, քան պահանջվում է անվտանգության կանոններով։
Իրանի կառավարությունը հաստատել էր մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու լուրը։
Մայիսին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ «կործանված ուղղաթիռի վրա փամփուշտների կամ նմանատիպ միջոցների բախման հետքեր չկան»։