Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին, IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը հայտնել է Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն։
«Սեպտեմբերի 3-ի երեկոյան տեղի ուենցած հանդիպմանը Դեմիրչիլուն նշել է, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ Թեհրանը համաձայն չէ միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության հետ: Իրանի արտգործնախարարի օգնականն ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին»,- ասված է հրապարակման մեջ։
Դիվանագետները նշել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի նկատմամբ ունեցած հարգանքի մասին, որոնք, նրանց կարծիքով, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են, հավելել է կայքը։
«Դեմիրճիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Կողմերը քննարկել են առաջիկա հանդիպումը «3+3» ձևաչափով, որի մեջ մտնում են Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- նշել է աղբյուրը։
Այսօր ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող Telegram-յան ալիքը հայտնել է, որ ՌԴ դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ։ Պատճառը, ըստ աղբյուրի, «Մոսկվայի կողմից Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին միացնելու միջանցքի ծրագրին աջակցելն է»։ Նշվում է, որ Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և հայտարարել, որ դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։
Օգոստոսի 9-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել էր ԻՀՀ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Թեհրանը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։