Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում, լինի դա հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում, Իրանի համար կարմիր գիծ է, հայտնում է IRNA-ն։
Արաղչին ընդգծել է տարածաշրջանային կայունությունը՝ որպես Իրանի ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը։
«Խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյուներից են։ Մեր հարևանների տարածքային ամբողջականությանն սպառնացող ցանկացած վտանգ, սահմանների վերագծում՝ լինի հյուսիսում, հարավում, արևելքում թե արևմուտքում, բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար»,- «X» սոցիալական ցանցում իր էջում գրել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։
Օգոստոսի 9-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել էր ԻՀՀ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Թեհրանը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։