Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևն ուսումնամարզական հավաքի ժամանակ ստուգել են Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, հայտնում են ադրբջանական ԶԼՄ-ները։
ՊՆ պաշտոնյաներին զեկուցել են, որ «ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն և իրականացվում է շարունակական ծառայություն՝ ըստ օրվա կարգացուցակի»։
Հասանովն զգոնությունը բարձրացնելու, ծառայողական-մարտական գործունեությունն առավել որակյալ կազմակերպելու համար խնդիրներ է դրել, հայտնել են ԶԼՄ-ները։
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի հայտարարությունները։ Գերատեսչությունը հիշեցրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։