Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել երկրի Արտաքին գործերի նախարարությանը խզել ԱՄՆ-ի հետ երկու համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագծերն Ադրբեջանում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նամակը, որն ընդունվել է ի պատասխան ԱՄՆ կոնգրեսականների՝ Պետդեպարտամենտի ղեկավարին ուղղված դիմումի, ստորագրել է 43 պատգամավոր։ Նրանք կոչ են արել դադարեցնել երկու պաշտպանական համաձայնագրերը, նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունները և դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ բոլոր նախագծերը, որոնք իրականացվում են Ադրբեջանում։
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ 60 կոնգրեսական պահանջել էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել և COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ ազատ արձակել հայ պատանդներին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ օրենսդիրները պահանջել էին, որ COP29-ին ընդառաջ «պետքարտուղարությունը ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա՝ շոշափելի միջոցներ ձեռնարկելու տարածաշրջանային խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքներին և նորմերին հավատարիմ մնալու ուղղությամբ»: