Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։ Այս մասին նա նշել է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի, Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթացի ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ «Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային «3+3» հարթակին։ Էրդողանի խոսքով՝ հարթակն ինստիտուցիոնալ կառույցի վերածելը երկխոսության մեխանիզմն ավելի արդյունավետ կդարձնի։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու բացման տեխնիկական պահանջները։ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել էր նաև հարաբերությունների ամբողջական կարգավորման շուրջ երկխոսության շարունակությունը։