Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում նոյեմբերի 11-22-ը կայանալիք COP29-ը կլիմայական համաժողովին, հայտնում է Euronews-ը՝ հղում անելով ԵՀ մամուլի ծառայությանը։
«Նախագահն այս տարի չի մասնակցի COP-ին»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը և պարզաբանել, որ հանձնաժողովն անցումային փուլում է, «նախագահը կենտրոնանալու է ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»։
Ավելի վաղ Euronews-ը, հղում անելով ՄԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի գագաթնաժողովին։ Ըստ կայքի՝ եվրոպական երկրներից միջոցառմանը մասնակցելու մասին հայտարարել են Չեխիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի ղեկավարները։
Հոկտեմբերի 18-ին BBC-ն, վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը, հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես չի ժամանի Բաքու՝ մասնակցելու COP29-ին: Նոյեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պաշտոնական Թեհրանը հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը գագաթնաժողովին։
Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել։ Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի համաժողովին Հայաստանի մասնակցության հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկա։