Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP29) անցկացման նախօրեին Գերմանիայում բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ Հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։
Քաղաքական հալածանքների ենթարկված և Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստները վանկարկել են՝ Stop COP29։ Նրանք նշել են, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։
Ցույցի մասնակիցներն ընդգծել են, որ անգամ գագաթնաժողովի անցկացման իրավունքն ստանալուց հետո երկրում որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձերբակալել, բռնության ենթարկել ու հետապնդել ավելի մեծ թվով ընդդիմախոսների։
Ցույցի մասնակիցները նաև կոչով դիմել են COP29-ին մասնակցող երկրների առաջնորդներին ու խորհրդարաններին, ինչպես նաև ՄԱԿ-ին ու Եվրոպական խորհրդարանին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատմանը։
Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին և «Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»։ Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում բանակցություններ էր վարել նաև Ալիևի և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Գերիների թվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։