Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության հասնելուն, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ բանակցությունները կշարունակվեն փաստաթղթի տեքստի ավարտից հետո: Միևնույն ժամանակ՝ Ալիևը վերահաստատել է Բաքվի դիրքորոշումը՝ կապված ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայմանի հետ։
«Հայաստանի սահմանադրության մեջ ամրագրված տարածքային նկրտումները դեռևս պահպանվում են»,- ասել է Ալիևը։
Շոլցը նշել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների կառուցմանը։ Նա կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել»։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել էր, որ Երևանն առաջարկում է Բաքվին ստորագրել 16 հոդվածից բաղկացած խաղաղության պայմանագիր։ Սեպտեմբերի 26-ին Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր մինչև Բաքվում կայանալիք COP29-ն արդեն համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր ստորագրել։
Հոկտեմբերի 14-ին Ալիևն «իրականությունից հեռու» էր անվանել Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթների հիման վրա խաղաղություն ստորագրելու և չհամաձայնեցվածները հետագային թողնելու վերաբերյալ։
Նոյեմբերի 5-ին MPG/Gallup International Association-ը հրապարակել էր ՀՀ 1100 քաղաքացու շրջանում անցկացված հարցման տվյալները, ըստ որոնց՝ հարցվածների ավելի քան 64%-ը չի հավատում Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղություն կնքելու հնարավորությանը։