2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ համատեղ վարժանքներ են անցկացվում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ստորաբաժանումների միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ին։
Նշվում է, որ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու երկրների ստորջրյա հարձակման և պաշտպանության ստորաբաժանումները, տեղի են ունենում Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Զորավարժությունների ընթացքում ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները կատարել են հակառակորդի կեղծ նավերը գրավելու առաջադրանքներ։
Բացի այդ, կիրականացվեն ցամաքային և ծովային մարտավարության, ուղղաթիռների վայրէջքի մեթոդների, կեղծ թշնամու առափնյա տարածքի գրավման, ինչպես նաև չպայթած զինամթերքի և ծովային ականների որոնման և ոչնչացման առաջադրանքներ։
Համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 29-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նոյեմբերին Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում համատեղ զորավարժություններ էին անցկացրել՝ տարածաշրջանում կայուն հավաքական անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև մասնակից երկրների միջև բազմակողմանի համագործակցության ընդլայնմանն ուղղված։