Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, խոսելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայտարարում է, որ «ցանկանում է հայերին ու ադրբեջանցիներին միասին կոնյակ խմելուց տեսնել», նաև ուզում է, որ «ժողովուրդները փոխադարձ այցեր կատարեն»։
«Երազում եմ տեսնել, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ սրճարան գնում, միասին կոնյակ խմում։ Երազում եմ տեսնել, թե ինչպես են հայերն իրենց ժամանակն անցկացնում Բաքվում, ադրբեջանցիները, օրինակ, տոնական օրերին այցելում Սևան»,- ասել է նա։
Սեպտեմբերին Հանրային հեռուստատեսության եթերում Փայլանն ասել էր, որ պետք է ավելացնել բարեկամների թիվը և քչացնել թշնամիներինը։ Փայլանը Հայաստանի տնտեսության զարգացումը կապել էր Թուրքիայի հետ սահմանը բացելու հետ։ Բայց դրա համար, նրա խոսքով, պետք է նաև Թուրքիայի շահը համընկնի։