Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և հայերի էթնիկ զտումների մասին ռեպորտաժներից հետո կանադացի լրագրող և վերլուծաբան Նիլ Հաուերին արգելել են մուտք գործել Թուրքիա, X-ում հայտնել է լրագրողը։
Նրա խոսքով՝ Թուրքիա իր մուտքն արգելելու խնդրանքը կարող էր բխել Բաքվից։ 2020 թվականին նա առաջնագծից լուսաբանել է 2020-ի 44-օրյա պատերազմն Արցախում։
«Ես խիստ կասկածում եմ, որ այդ արգելքը կիրառել են Ադրբեջանի պահանջով կամ առնվազն այդ երկրի մասնակցությամբ։ Ես շատ եմ գրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների մասին։ Հանգամանքն, ակնհայտորեն, Թուրքիայում ընկերներ ունենալու առիթ չի դարձել»,- գրել է Հաուերը։
Նա նոյեմբերի 24-ին Երևանից զբոսաշրջային այցով ժամանել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան։ Անձնագրային հսկողության ժամանակ լրագրողին հայտնել են, որ «սև ցուցակում է»։ Այնուհետև նրան 16 ժամով ձերբակալել են հետ արտաքսել Հայաստան։ Մուտքի արգելքի պատճառը նրան չեն հստակեցրել։
Հաուերի խոսքով՝ մինչ այդ ինքը բազմիցս առանց որևէ խնդրի այցելել է Թուրքիա: Նա չի կասկածում, որ արգելքը կապված է լրագրողական աշխատանքի հետ։ Հաուերը հայտարարել է, որ շատ հազվադեպ է գրում Թուրքիայի մասին և չի անդրադառնում քրդական հարցերին կամ թեմաներին՝ կապված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրում էր 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի մեջ: Նրա խոսքով՝ Թուրքիայում օտարերկրյա լրագրողների համար հենց այս թեմաներն են սովորաբար խնդիրներ առաջացնում։
Հաուերը հայտարարել է երկիր մուտքի արգելքը բողոքարկելու պլանների մասին, քանի որ վնասել են իր մասնագիտական ազնվությունը։
«Միակ բանը, որ ես չեմ պատրաստվում անել, իմ մասնագիտական ազնվությունը կամ իմ նյութերի բովանդակությունը վարկաբեկելն է: Չեմ պատրաստվում դա անել։ Այս իրավիճակում միակ դրական կետն այն է, որ իշխանություն ունեցող մեկը կարդում է իմ հոդվածները»,- եզրափակել է լրագրողը:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Հաուերը գտնվել է Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում և Մարտակերտում, լուսաբանել պատերազմն ու դրա հետևանքները։ 2021 թվականի հունիսին նա Regional Post-ին պատմել է հայ-ադրբեջանական պատերազմի լուսաբանման մասին և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է պատիժ կրի Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սարսափելի պատերազմական հանցագործությունների համար։ Լրագրողը մասնագիտացած է հակամարտությունների լուսաբանման մեջ, որոնց վերաբերյալ նաև հետազոտական աշխատանքներ է կատարել։