Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը ադրբեջանական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել Իրանի հյուսիս-արևմուտքում, հայտնել է IRNA-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությանը։
«Արաս» համատեղ զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 24-ին և կտևեն մինչև նոյեմբերի 27-ը։ Դրանք տեղի են ունենում Իրանի Արդաբիլ նահանգի Ասլան-Դուզ սահմանամերձ շրջանում՝ ԻԻՀ ցամաքային զորքերի և ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։
«Զորավարժությունների նպատակն է Բաքվի հետ կապերի ամրապնդումն ու անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարում համագործակցությունը։ Զորավարժությունների նպատակն է նաև ապահովել ընդհանուր սահմանների անվտանգությունը, ուժեղացնել ռազմական կարողությունները և զարգացնել պաշտպանական համագործակցությունը մարտավարական և օպերատիվ մակարդակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսին Ադրբեջանը 414 միլիոն դոլարով ավելացրել էր պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ մինչև 4,1 միլիարդ դոլար: Նոյեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ 2025 թվականին պաշտպանության ծախսերը կկազմեն գրեթե 5 միլիարդ դոլար: