Ադրբեջանում ձերբակալել են ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևին՝ պետական գաղտնիքներ հրապարակելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Դատախազությանը։
Ենթադրվում է, որ Վերդիևը նոյեմբերի 22-ին Արցախի օկուպացված տարածքում մեդիա շրջայցի ժամանակ սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել «ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքերի, սահմանապահ զորքերի տեղակայման, կոորդինատների և օպերատիվ իրավիճակի մասին»։
Վերդիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի պետական գաղտնիքի հրապարակման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։
Նոյեմբերի 21-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում COP29-ը համաժողովում, հայտարարել էր, որ Ադրբեջանում լրատվամիջոցներում աշխատող ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը խիստ մտահոգիչ է։
Նոյեմբերի 6-ին «Գեղարդ» հիմնադրամը հայտնել էր, որ քաղաքական հալածանքների ենթարկված և Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստները Բաքվում COP29-ի անցկացման նախօրեին Գերմանիայում բողոքի ակցիա էին անցկացրել։ Նրանք նշել էին, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։ Հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։