Վրաստանի դատախազությունը 9 անձի մեղադրանք է առաջադրել խմբակային բռնություն կազմակերպելու, ուղղորդելու, մասնակցելու և պայթյուն նախապատրաստելու համար, հայտնել է «Պիռվելի առխի»-ն՝ հղում անելով Քննչական գործակալությանը։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ամբաստանյալները կազմակերպել և մասնակցել են խմբակային բռնությունների, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկանց առողջությանը վնաս են հասցրել։ Վնասվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց գույքը, քաղաքապետարանի հաշվեկշռի ենթակառուցվածքները»,- նշել է գերատեսչությունը։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 225-րդ և 18,229-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև ինը տարվա ազատազրկում:
Դատախազությունը դիմել է դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ, նշել է կայքը։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։