ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Ըստ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի՝ «Իվանիշվիլիի բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ պատկանում և վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից, կարգելափակվեն» (կսառեցվեն):
Պետքարտուղարությունից մանրամասնել են, որ Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» գործողությունները քայքայել են ժողովրդավարական ինստիտուտները, թույլ են տվել ոտնահարել մարդու իրավունքները և զսպել հիմնարար ազատությունների իրականացումը Վրաստանում։
«Ավելին, դրանք խաթարել են Վրաստանի եվրաատլանտյան ապագան, այն ապագան, որը վրաց ժողովուրդը մեծապես ցանկանում է և որը նախատեսված է Վրաստանի սահմանադրությամբ: Արդյունքում՝ Վրաստանը խոցելի է դարձել Ռուսաստանի համար, որը շարունակում է օկուպացված պահել Վրաստանի տարածքի ավելի քան 20 տոկոսը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանքը»։
Նոյեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։