ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
«Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար և ևս մեկ անգամ խորը և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ գործակալության՝ զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, երբ «Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»։
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալիևի վարչակազմին, հայտնել են, որ Ադրբեջանի նախագահը զրույցի ընթացքում «հայտարարել է, որ AZAL ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության»։
Նշվում է, որ կողմերն «ընդգծել են այս ողբերգության բոլոր մանրամասների հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը»։ Ալիևը նաև հայտնել է, որ ստեղծվել է միջազգային փորձագետներից կազմված հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում գտնվել էր 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ավիավթարի հետևանքով 38 մարդ էր զոհվել, 29 փրկվածներ հոսպիտալացվել էին։ Ավելի ուշ ադրբեջանական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ինքնաթիռի կործանման պատճառը Գրոզնիին մոտենալու ժամանակ արձակված ռուսական «երկիր-օդ» հրթիռն էր, որի բեկորները պայթել էին ինքնաթիռի մոտ։