Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանդիպելով մահացածների հարազատներին ու ողջ մնացած բորտ-ուղեկցորդներին։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ չի ցանկանում բացահայտել քրեական գործի բոլոր մանրամասները, սակայն իրեն տեղեկացրել են նախաքննության ընթացքի և արդյունքների մասին։
«Կարող եմ վստահաբար ասել, որ այս ողբերգության պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները։ Մենք պահանջում ենք արդարություն, մեղավորների պատժում, լիակատար թափանցիկություն և մարդասիրական մոտեցում»,- ասել է նա։
Ալիևի խոսքով՝ «սև արկղերի» վերծանման գործընթացը շարունակվում է, և վստահ է, որ առաջիկայում իրադարձությունների ամբողջ պատկերը հստակ կդառնա։
Ալիևը կարծում է, որ եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնի քաղաքի օդային տարածքը փակելու համար, պահպանվեին ցամաքային բեռնաթափման կանոնները և համակարգված լինեին Ռուսաստանի զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև գործողությունները, ապա այս ողբերգությունը հնարավոր կլիներ կանխել։
«Միջադեպի հանգամանքները թաքցնելու և այն որպես «թռչունների» կամ «գազի բալոնի» բախման հետևանք ներկայացնելու փորձերը լուրջ կասկածներ են առաջացրել հետաքննության օբյեկտիվության վերաբերյալ»,- հավելել է նա։
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ էին։ Ավիավթարի հետևանքով 38 մարդ էր մահացել, 29 փրկվածներ հոսպիտալացվել էին։
Ավելի ուշ ադրբեջանական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ կործանման պատճառն արձակված ռուսական «երկիր-օդ» հրթիռն էր, որի բեկորները պայթել էին ինքնաթիռի կողքին։ Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ զրույցում ներողություն էր խնդրել ՌԴ օդային տարածքում AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար։