Թուրքիայում հունվարի 7-16-ը կանցկացվեն ռազմածովային ուժերի Mavi Vatan-2025 զորավարժությունները, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան Սև, Էգեյան ծովերում և Արևելյան Միջերկրական ծովում։
Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, դերծովակալ Քենան Կաան Թյուրքքանն ասել է, որ զորավարժություններն անցկացվելու են ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից՝ Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունների ծրագրի հիման վրա:
Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է գնահատել ռազմածովային ուժերի կազմի մեջ մտնող հրամանատարությունների աշխատանքի օպերատիվությունն ու արդյունավետությունը։
«Զորավարժություններին կմասնակցի 90 նավ և 50 ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ՝ կներգրավվի 20 հազար անձնակազմ։ Զորավարժություններին կմասնակցեն ընդհանուր նշանակության ուղղաթիռներ և ցամաքային զորքերի հրամանատարության CH-47 ուղղաթիռ, ռազմաօդային ուժերի հրամանատարության գրոհային ինքնաթիռներ, վաղ նախազգուշացման և օդային երթևեկության կառավարման համակարգի հեռահար ռադիոտեղորոշիչ ինքնաթիռներ, քարշակ ինքնաթիռներ և առափնյա պահպանության վեց մոտորանավակ»,- հայտնել է նա։
Դեկտեմբերի 24-ին Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման անհրաժեշտության մասին։